Փորձելով ստանալ գույքահարկի առցանց վճարման կոդը Շենգավիթի վարչական շրջանում, մեզ հեռախոսով տեղեկացրեցին, որ չեն կարող օգնել և ուղղորդեցին Հայփոստ։ Սակայն այնտեղ նույնպես հարցը չլուծվեց՝ նշելով, որ վարչական շրջանը չունի անհրաժեշտ տեղեկատվությունը և քաղաքացիներին ուղղորդում է տարբեր կառույցներ՝ առանց որևէ լուծման։
Արդյունքում, քաղաքացիները բախվում են անհարմարությունների՝ չկարողանալով կատարել հարկի վճարումը հարմար ձևով, քանի որ առցանց վճարումը հասանելի չէ, իսկ տրամադրված կոդը ոչ մի բանկում չի գործում։ Միակ տարբերակը մնում է անձամբ ներկայանալն աշխատաժամերին, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում, քանի որ քաղաքացիների մեծամասնությունը հենց այդ ժամերին աշխատում է։
Բացի այդ, նախնական հերթագրման հնարավորություն չկա, օրինակ՝ Earlyone հավելվածի միջոցով, ինչը նշանակում է, որ մարդիկ ստիպված են ժամերով սպասել հերթում։ Մինչդեռ Կենտրոն, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում նման համակարգ արդեն ներդրված է՝ քաղաքացիներին հնարավորություն տալով խնայել ժամանակը։
Հայցում ենք պարզաբանում տրված խնդրի վերաբերյալ և խնդրում ենք առաջարկել արդյունավետ լուծում՝ ապահովելով հարկի այլընտրանքային վճարման տարբերակներ և հերթագրման հարմար համակարգի ներդրում։